Ագրեսիայի աստիճանով Մեծ Բրիտանիայի վարորդները գերազանցում են մյուս երկրների վարորդներին:  Autonews-ը հայտնում է, որ նման եզրակացության է հանգել LeasePlan UK գործակալությունը՝ աշխարհի 20 երկրի 3 հազար վարորդների շրջանում հարցում անցկացնելուց հետո: 

Ըստ աղբյուրի՝ անգլիացիների շուրջ 76%-ը հայտարարել են, որ բազմիցս իրենց հասցեին վիրավորական ժեստեր են ուղղվել: Մեծ Բրիտանիայի  յուրաքանչյուր երկրորդ վարորդ  մյուս վարորդներից հայհոյանք է լսել:  Վարորդների շուրջ 73%-ն էլ հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ ագրեսիվ մեքենավարները փակել են իրենց ճանապարհը: 

Մի շարք ցուցանիշներով անգլիացիներն ավելի ագրեսիվ են իսպանացիներից եւ իտալացիներից, որոնք եվրոպական ամենատաքարյուն ազգերն են: Ագրեսիայի մակարդակով Մեծ Բրիտանիայի վարորդներին նման են չեխերը, ֆրանսիացիները եւ գերմանացիները: Ինդեքսի 20 երկրներից ագրեսիայի մակարդակով վերջին տեղում է Թուրքիան: Այնտեղ միայն 23%-ն է իր հասցեին վիրավորական ժեստեր ստացել, 15%-ը՝ հայհոյանք լսել, եւ միայն 13%-ի ճանապարհն են փակել այլ  վարորդները: