Այսօր` հուլիսի 4-ին Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում տեղի է ունեցել մշակույթի տան բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր։ Նման ուշադրությունը, թերեւս պայմանավորված է նրանով, որ Չքնաղը գլխավոր դատախազի հարազատ գյուղն է:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը շնորհավորել է համայնքի բնակիչներին կարեւոր իրադարձության կապակցությամբ ու հույս հայտնել, որ մշակութային օջախը նոր ազդակ կհաղորդի համայնքի զարգացմանը։ Այնուհետեւ նա  ներկա է գտնվել նորակառույց մշակույթի տանը տեղի ունեցած համերգին։

Մշակույթի տունը կառուցվել է բյուջետային հատկացումների,  սոցներդրումների հիմնադրամի աջակցության, համայնքի, ինչպես նաեւ  այլ նվիրատվությունների մասնակցության  շնորհիվ։