Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ կալանավորված Անդրանիկ Սողոյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցով Քրեակատարողական հիմնարկը որեւէ գրություն դեռ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ եթե որեւէ դիմում ստանան, ապա այն կուսումնասիրեն եւ պայմանավորված բժիշկների կողմից տրված եզրակացությամբ՝ կորոշեն՝ տեղափոխել նրան հիվանդանոց, թե ոչ:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանի կալանքը երկու ամսով երկարացնելու նիստին վերջինս չի մասնակցել, դիմում էր ներկայացրել, որ առողջական վիճակը թույլ չի տալիս: Փաստաբանը մեզ հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է դիմել ՔԿՀ-ին, որպեսզի իր պաշտպանյալը տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, քանի որ լուրջ առողջական խնդիրներ ունի:
Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանը՝ օրենքով գող Զապը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում եւ, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ինեւ2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Չեխիայում Անդրանիկ Սողոյանի նկատմամբ դեռեւս օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Բանն այն է, որ դատական երեք ատյանով նա արդարացվել է, մեկով փոփոխվել է որոշումը, ընտրվել է ազատազրկում, ինչն էլ այժմ Չեխիայի փաստաբանները բողոքարկել են: Իսկ այս հարցով դատական նիստը Չեխիայում նախատեսված է հունվար ամսին: Հայաստանում Անդրանիկ Սողոյանին հայտնաբերելուց հետո նրա նկատմամբ ընտրվել էր 30-օրյա ժամանակավոր կալանավորում, այնուհետեւ այն երկարացվել է եւս երկու ամսով: Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ նյութերը դատախազությունը փոխանցել է Արդարադատության նախարարությանը:




























