Աշխարհի 10 մլն-անոց հայությունն ունի երկու հանրապետություն: Առաջինը ճանաչված Հայաստանի Հանրապետությունն է, երկրորդը՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ մասին haqqin.az-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Պատասխանելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության եւ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ հնարավոր սահմանի մասին հարցին՝ նախարարը հայտարարել է. «Բնական է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի արտահայտել միայն իր տեսակետը եւ ցանկացած վայրում հանդես գալ իր անունից: Մենք միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ի անդամ ենք: Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այս փուլում կառուցում է իր պետականությունը՝ անկախ այն բանից՝ ճանաչե՞լ են նրան, թե ոչ: Սակայն երկու հայկական պետությունների գոյության փաստը պատմական փաստ է: Տարածաշրջանում խաղաղության բարգավաճման համար պարզապես պետք է համակերպվել դրա հետ եւ աշխատել  երկարաժամկետ հեռանկարի համար՝ ելնելով այս իրողությունից»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ-ն, Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը հարգում է հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը: Եվ չխախտելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի ու միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունները, տվյալ փուլում խուսափում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե յուրե ճանաչումից, թեեւ դե ֆակտո վաղուց արդեն ճանաչել է: