Հետաքրքիր դիպված է պատահել հայտնի հունգարացի նկարիչ-ավանգարդիստ Ռոբերտ Բերենիի «Քնած կինը՝ սեւ սկահակով» կտավի հետ, որը կորել էր դեռ 1920-ական թթ.:
2009թ. Բուդապեշտի Ազգային պատկերասրահի արվեստաբան Գերհելի Բարկին, դիտելով 1999թ. մեծ տարածում գտած «Ստյուարտ Լիթլ» ֆիլմը, մի քանի կադրերում նկատել է մի նկար, որը շատ նման է եղել 20-րդ դարի սկզբում կորսված նկարին, հայտնում է Informing-ը
Արվեստաբանը որոշել է զբաղվել կտավի որոնումներով եւ կապվել է Sony Pictures եւ Columbia Pictures կինոժապավենների նկարահանումներով զբաղվող կինոընկերությունների հետ: Մի քանի տարի անց Բարկին գտել է այդ ֆիլմի դեկորացիաների ընտրությամբ զբաղվող կնոջը:
Պարզվել է, որ կինն այդ նկարը գնել է Քալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի հնավաճառի խանութում՝ ընդամենը 500 դոլարով, իսկ «Ստյուարտ Լիթլ» ֆիլմի նկարահանումներից հետո անմիջապես այն վաճառել է: Հայտնի է, որ նկարը աճուրդի կհանվի դեկտեմբերին Բուդապեշտում՝ 110 հազար եվրո սկզբնական արժեքով:



























