«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին դեկտեմբերի 5-ին հրավիրում է Ազատության հրապարակ` մասնակցելու քաղաքացիական ժողովին: Այսօր` դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք հրավիրում են բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական հասարակություններին եւ անհատներին:
«Մենք մեր բոլոր նախաձեռնությունները ներկայացրել ենք մեր գործընկերներին: Անձամբ ինքս մինչեւ հիմա չունեմ արձագանք, բայց վստահ եմ, որ դեկտեմբերի 5-ին կունենանք որակյալ քանակ»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` ինքը հույս ուներ, որ եռյակը նոյեմբերին կհանդիպեր ժողովրդի հետ հրապարակում, սակայն այդպես չեղավ եւ հետեւաբար, ինքը հրավիրեց հանրահավաք:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ից մեկ օր անց «Ժառանգությունը» հանրահավաքներ է կազմակերպելու նաեւ Գյումրիում եւ Վանաձորում:




























