«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում պատգամավորներին կոչ արեց չվավերացնել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ժամանակ նա հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք Հայաստանից չի հեռացել: «Անցած տարի Գյումրիում ռուսական ռազմաբազայի բացմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իրենք երբեք էլ Հայաստանի Հանրապետությունից չէին հեռացել: Եկեք մի պահ մտածենք՝ ի՞նչ է նշանակում Պուտինի ասածները: Եկեք մի պահ պատկերացնենք՝ առաջիկայում ինչ է մեզ սպասվում: եւ ինչ քաղաքական հետեւանքներ է ունենալու Հայաստանի ինքնիշխանության վրա նման պայմանագրի վավերացումը Հայաստանի Ազգային ժողովում: Պիտի հաշվի առնենք նաեւ, թե ինչ է լինելու Ռուսաստանի հետ առաջիկա 2 տարում, ո՞ւր ենք մենք գնում»,-հայտարարեց Փոստանջյանը՝ հավելելով, որ այս քայլով մենք վտանգում ենք Ղարաբաղը:
Անդրադառնալով գործարար պատգամավորներին, ընդդիմադիր պատգամավորը նշեց. «Ես իմ խոսքն ուղղում եմ պատգամավոր-գործարարներին, թեեւ դուք իրավունք չունեիք օրենսդրական գործունեությանը զուգահեռ միաժամանակ գործարարությամբ զբաղվելու, դուք եք առաջինը տուժելու ԵՏՄ-ից: ՌԴ ամբողջ քարտեզը դեֆորմացիայի մեջ է, ու մենք ինքնուրույն քաղաքականություն վարելու խնդիր ենք ունենալու»:
Փոստանջյանի համոզմամբ՝ ՌԴ տնտեսության անկումը անդառնալի է լինելու Հայաստանի ու Արցախի համար:
Նշենք, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրն ընդգրկված է ԱԺ այս քառօրյայի օրակարգում:




























