Ադրբեջանի ԱԱՆ աշխատակիցները Բաքվում ձերբակալել են երկու քաղաքացու, որոնց կասկածում են Գարաչուխուր բնակավայրի մզկիթը հրդեհելու մեջ:
Ըստ haqqin.az-ի, ձերբակալվածներն են Նամիկ Նասիբովը եւ Էլնուր Ալեքպերովը: Առաջինից ձերբակալության ժամանակ Մակարով տեսակի ատրճանակ եւ 8 փամփուշտ են առգրավել, իսկ երկրորդից՝ Smith & Wesson ատրճանակ: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 214.2.1 (անձանց խմբի հետ նախնական համաձայնությամբ ահաբեկչություն) եւ 228.2.1 (ապօրինի կերպով զենք եւ զինամթերք կրելը եւ պահպանելը) հոդվածների հատկանիշներով:
Պարզվել է, որ Նասիբովը 2014 թվականի օգոստոս-սեպտեմբերին Սիրիայի տարածքում միացել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինված խմբավորումներին: Սիրիական Քոբանի քաղաքից վերադառնալուց հետո Նասիբովը Էլնուր Ալեքպերովի հետ Ադրբեջանում ստեղծել է PKK-ին հարող Yekbun ահաբեկչական կազմակերպությունը եւ սկսել մարդկանց հավաքագրել: Հայտնի է, որ նշված անձինք սոցիալական ցանցերի օգնությամբ երկրի երիտասարդությանը կոչ են արել Բաքվում տարբեր պայթյուններ կազմակերպել:
Բացի այդ, Նասիբովն ու Ալեքպերովն ահաբեկչական գործողություններ են ծրագրել մարդաշատ վայրերում՝ սարսափ սերմանելու եւ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտելու əhli-sünnə շարժման հետեւորդների եւ ռադիկալ սուննիների հանդեպ: Այդ նպատակով Նասիբովն ու Ալեքպերովը տաքսիով եկել են Գարաչուխուր՝ նախապես 10 լիտր բենզին գնելով եւ այրվող խառնուրդ պատրաստելով: Հետո նրանք հրդեհել են «Ջումա» մզկիթը եւ դիմել փախուստի:




























