Մի շարք ապրանքների գների նախատոնական աճը սկսվել է դեկտեմբերից առաջ: Նոյեմբերին գնորդներն ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ տոնի համար պահանջվող ապրանքների (չրեր, ընկույզ եւ այլն) գնապիտակների վրա թվերն աստիճանաբար աճեցին: Բանն այն է, որ շատ քաղաքացիները ձգտում են ամանորյա տոնի համար ապրանքներ գնել նախապես, մինչեւ թանկացումը: Դե, առեւտուրն էլ դրան արձագանքեց գների աճով:

Նույնիսկ ամենաաղքատ ընտանիքները փորձում են պատշաճ կերպով (իրենց հնարավորության սահմաններում, բնականաբար) պատրաստվել տոնին՝ համեստ միջոցներից տնտեսելով առաջիկա գնումների համար: Պաշտոնական տվյալներով, քաղաքացիների «ամենաաղքատ» խմբի (շուրջ 300 հազար մարդ)՝ մեկ շնչին բաժին հասնող միջին ամսական եկամուտը 9 հազար դրամից էլ պակաս է: Նշենք, որ նույն ընկույզի (առանց կեղեւի) մեկ կիլոգրամը, այնպիսիների, որոնց մասին ասում են՝ «ամոթ չէ դրանցով զարդարել տոնական սեղանը», հավասար է կամ նույնիսկ գերազանցում է այդ եկամուտը:

Յուրաքանչյուր ընտանիք գիտի տոնի համար իր ծախսերը: Իսկ ընդհանուր առմամբ բնակչության նախատոնական ծախսերը բնորոշում է դեկտեմբերի մանրածախ ապրանքաշրջանառության աճը: Անցյալ տարվա տվյալների համաձայն, նույն ամսում ապրանքների վաճառքի ծավալները, ի տարբերություն նոյեմբերի, աճել են 2 անգամ (ավելի ճիշտ՝ 1.9 անգամ):

Տոնի առիթով դրամական ծախսերը կարելի է գնահատել 115 մլրդ դրամ կամ 280 մլն դոլար՝ անցյալ տարվա դեկտեմբերի դոլարի փոխարժեքով: Իսկ պաշտոնապես երեք միլիոնանոց բնակչությունից յուրաքանչյուր քաղաքացուն միջինը բաժին է հասել 38 հազար դրամի (շուրջ 93 դոլար) պայմանական ամանորյա ծախս: Այսինքն՝ Հայաստանի համար ստանդարտ ընտանիքի դեպքում՝ ավելի քան 150.000 դրամ:

Սակայն այդ լրացուցիչ ծախսերը (առանց ընթացիկ սովորական ծախսերի) գերազանցել են բնակչության տասը խմբերից ութի՝ 1.8 մլն մարդու եկամուտները: Ստացվում է, որ այդպես կարող են տոնին պատրաստվել են միայն «ամենահարուստները»:

Սննդամթերքի թվացյալ առատությունը մոլորության մեջ չի գցում տնտեսապես կոփված մեր քաղաքացիներին: Պարզապես ապրանքները դանդաղ են իրացվում, ինչի արդյունքում երկար ժամանակ մնում են վաճառասեղաններին: Ավագ սերնդի մարդիկ կհիշեն անցյալի պատկերը, երբ մանրածախ վաճառքում հայտնված ապրանքների խոշոր խմբաքանակները (ասենք՝ մրգերի եւ բանջարեղենի) բառացիորեն մեկ ժամվա ընթացքում վաճառվում են:

Հ.Գ. Չի բացառվում, որ մեր ներկրողները հերթական անգամ բարձրացնեն ապրանքների գները՝ «հիմնավորելով» դա դոլարի փոխարժեքով: