Մալայզիայի բարձր դատարանը նշանակել է մարտին անհետացած Boeing 777-ի գործով դատական լսումների օրը՝ հաջորդ տարվա հունվարի 12-ին, եւ ամբաստայնալներին՝ Malaysian Airline System Bhd (MAS) պետական ավիաընկերությանը եւ կառավարական չորս գերատեսչություններին հրամայել է իրենց պաշտպանության փաստարկները ներկայացնել մինչեւ դեկտեմբերի 15-ը: 

«Մենք բազմաթիվ վկաներ ունենք: Այժմ մենք ընտրում ենք նրանց, ովքեր հրավիրվելու են որպես մեր վկաներ», — հայցվորների փաստաբանի խոսքերն է մեջբերում Star թերթը:

Անհետացած օդանավում գտնվող 41-ամյա գործարար Ջի Ջին Խանի դեռահաս երկու զավակները հոկտեմբերի 31-ին քաղաքացիական հայց էին ներկայացրել  MAS-ի դեմ՝ պայմանագիրը խախտելու համար, իսկ Մալայզիայի կառավարությանն,  թագավորության քաղաքացիական ավիացիայի գերատեսչությանը, միգրացիոն ծառայությանը եւ ռազմաօդային ուժերի դեմ՝ թույլ տված անփութության համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ըստ փաստաբանի՝ դատավարության ընթացքում հայցվորները բազմաթիվ հարցերի պատասխաններ կստանան՝ այս ողբերգության հետ կապված: «Ասում են, որ օդանավն իր ուղին ավարտել է Հնդկական օվկիանոսում, սակայն ինչպիսի՞ն է եզրակացությունը: Ի՞նչ կարելի էր անել դրանից խուսափելու համար», - հարցնում է Սելվարաջը: