Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Վարչապետը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների էլ ավելի խորացմանը եւ սերտացմանը:

Դեսպան Շարպանտիեն նշել է, որ Ֆրանսիայի բարեկամ երկրում դեսպանի պաշտոնի ստանձնումն իր համար մեծ պատիվ է, եւ պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար:

Բարձր գնահատելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առեւտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է ֆրանսիական ներդրումային ընկերությունների ներգրավմամբ փոխգործակցության ակտիվացումը, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի եւ բազմաթիվ այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը, զբոսաշրջության եւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության խորացումը:

Վարչապետ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի հայ-ֆրանսիական տնտեսական կապերի սերտացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը: Իր հերթին Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հավաստիացրել է, որ պաշտոնավարման շրջանում կանի առավելագույնը՝ մինչ այս կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված լուրջ ձեռքբերումները պահպանելու եւ երկկողմ գործակցության ավելի բարձր մակարդակի հասնելու համար: