«Հարավային հոսք» գազատարի շինարարության նախագծի փակման մասին որոշումը վատ լուր է Սերբիայի համար: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը:
Նրա խոսքով, Սերբիան այդ նախագծի համար յոթ տարի շարունակ մեծ ջանքեր է գործադրել եւ «դրանից չի հրաժարվել նույնիսկ ուժեղ ճնշման տակ»:
Սերբիայում ծրագրվում էր 422 կմ երկարությամբ գազատար խողովակաշար անցկացնել:
Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ներկա պայմաններում Ռուսաստանը չի կարող շարունակել «Հարավային հոսք»-ի իրականացումը, այդ թվում՝ Եվրամիության ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով:




























