Պետք չէ ապրանքների ցանկացած թանկացման դեպքում մեղադրել Հայաստանի եվրասիական ինտեգրմանը: Այս մասին դեկտեմբերի 2-ին խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցելու մասին Պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Պատասխանելով «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի՝ վերջին օրերին կաթնամթերքի թանկացման մասին հարցին, Կարայանը նշեց, որ մեկը մյուսի հետ կապ չունի: Հայաստանում բարձրացավ դոլարի փոխարժեքը, ինչը կարող էր բարձրացնել ներմուծվող ապրանքների գները: Սակայն կաթնամթերքը Հայաստանում գրեթե ամբողջությամբ տեղական է: Իսկ քիչ քանակությամբ ներմուծվողը բերվում է ապագա Եվրասիական միության երկրներից կամ ԱՊՀ մյուս պետություններից, որոնց հետ շարունակելու է գործել ազատ առեւտրի մասին պայմանագիրը: Երրորդ երկրներից կաթնամթերքի ներմուծման տուրքերը կաճեն, բայց Հայաստանի վրա դա, նշված պատճառներով, գրեթե չի անդրադառնա:

«Կարող են թանկանալ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում՝ ներմուծվող կահույքը: Բայց ինչ վերաբերում է սոցիալական նշանակության ապրանքներին, ապա դրանց շուրջ մենք պայմանավորվել ենք ներմուծման հայկական մաքսատուրքի պահպանման մասին»,- պարզաբանեց Կարայանը:

Նա հիշեցրեց, որ Կառավարության հաշվարկներով, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից լրացուցիչ գնաճը (հաշվի չառնելով ԵՏՄ-ի հետ կապ չունեցող այլ գործոններ) կազմելու է 0.3-0.6%, այն էլ՝ միջնաժամկետ հեռանկարում: