Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին:
Նախագահը ողջունել է հյուրին եւ հույս հայտնել, որ նրա այցը կլինի արդյունավետ եւ կնպաստի Հայաստանի ու Վրաստանի ոստիկանական կառույցների համագործակցության հետագա խորացմանը, որի համար, նախագահի համոզմամբ, ձեւավորված է իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտ:
Նախարար Չիկաիձեն գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի ոստիկանության հետ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սերտ գործընկերային հարաբերություններ ունի, եւ իր այցի նպատակն է՝ առավել ամրապնդել այդ հարաբերությունները, քննարկել փոխգործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու հարեւան եւ դարավոր բարեկամական կապեր ունեցող երկրները ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու եւ տարածաշրջանում ընդհանուր մտահոգության խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու գործում պետք է շարունակաբար զարգացնեն համագործակցությունը, ինչին նպաստում են հայ-վրացական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելություններն ու կառուցողական եւ ջերմ հարաբերությունները:





























