Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ հավասարակշռության խախտումը մեծացել է: Տարեկան կտրվածքով բացասական սալդոն աճել է 51.7 մլն դոլարով՝ արդյունքում կազմելով գրեթե 2.38 մլրդ դոլար: Նշենք, որ սալդոյի կրճատման համար հարկավոր էր մեկ «պարզ» պայման. տոկոսի բազային բովանդակությունից ելնելով՝ արտահանումն աճի տեմպերով պետք է նվազագույնը երեք անգամ գերազանցել ներմուծումը: Բայց իրականում ներմուծումը, մեծանալով ոչ այնքան տպավորիչ 3.8%-ով, ամեն դեպքում 0.9 տոկոսային կետով գերազանցեց արտահանմանը:
Արտահանման տեմպերը հիմնավորապես դանդաղեցրել են ապրանքային այնպիսի խմբերը, ինչպիսիք են «բուսական ծագմամբ մթերքները» (1.14%՝ մինուս նշանով) եւ «հանքային մթերքները» (1.93%): Առաջին խմբի դեպքում խնդիրը կապված էր մրգերի (հիմնականում՝ ծիրանի) ապրանքային ռեսուրսների կրճատմամբ՝ դրանց կանխատեսվող բերքի կորստի հետեւանքով:
Հունվար-սեպտեմբերի տվյալներով, մրգերի արտահանման ծավալները (այսինքն՝ նույն ծիրանի) կրճատվել է գրեթե երկու երրորդով: «Հանքային մթերքների» մասով դինամիկայում բացասականը հիմնականում կապված է պղնձի հանքանյութի եւ խտանյութի արտահանման ծավալների կրճատման հետ: Հայտնի է, որ արդյունահանվող այդ ապրանքն ավանդաբար գլխավորում է արտահանման ծավալներով խոշորագույն ապրանքների ցուցակը:
Հունվար-հոկտեմբերին դրական է եղել «թանկարժեք մետաղների եւ քարերի» ապրանքախմբի արտահանումը, որը 2.71%-ով նպաստել է Հայաստանի արտահանման տեմպի աճի համեմատական արագացմանը: Հունվար-սեպտեմբերի մանրամասն տվյալների համաձայն, ոսկու արտահանման ծավալները մեկ տարվա ընթացքում աճել են 0.9 տոննայով՝ արդյունքում հասնելով 2.77 տոննայի՝ գրեթե 60 մլն դոլար արժողությամբ:
Նշված խմբի մեկ այլ ապրանքի՝ ալմաստի դեպքում, «արտահանում» հասկացությունը ձեւական բնույթ է կրում: Ըստ էության, դա ծառայություների մատուցում է, այս դեպքում՝ արտասահմանյան պատվիրատուների ալմաստի մշակման տեսքով:
Ալմաստի մշակման գծով Հայաստանի հիմնական գործընկերները Բելգիան եւ Ռուսաստանն են, որոնցից հունվար-սեպտեմբերին ստացվել է, համապատասխանաբար, 58.700 եւ 49.900 կարատ ալմաստ: Արդյունքում այս երկու երկրները համատեղ ապահովել են Հայաստան ներմուծվող 121.400 կարատ ալմաստի գրեթե 90%-ը: Կարատը, ինչպես հայտնի է, հավասար է 0.2 գրամի, այնպես որ՝ ապրանքի ամբողջ խմբաքանակը հանգիստ կտեղավորեր մեկ ճամպրուկում:
Ալմաստի մշակումից ստացված շահույթը, իհարկե, դժվար է թերագնահատել: Այդ բնագավառում բազմաթիվ աշխատողներ կան՝ մեր իրականության համար ոչ վատ աշխատավարձով: Սակայն ադամանդների վերջնական գնում ալմաստի մշակումը (բավական աշխատատար գործ) զբաղեցնում է ընդամենը 3%: Բայց, ինչպես ասում են, դա էլ վատ չէ…
Ալմաստի մշակման բնագավառում մեր ոսկեդարը մնացել է հեռավոր անցյալում, երբ դոլարը Հայաստանում դոլարի փոխարժեքը շատ ավելի բարձր էր, քան հիմա: Այսպես, 2002 թվականին երկրից արտահանցել է 180 մլն դոլարի մշակված ալմաստ: Համեմատության համար. ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 86 մլն դոլարից քիչ ավելի:
Հավելենք, որ տարեկան արտահանված ալմաստի մաքսային միջին գինը 278 դոլարից հասել է 425 դոլարի՝ 1 կարատի դիմաց, այսինքն՝ ավելի քան 1.5 անգամ: Միաժամանակ, մեծ տեմպերով աճել է մշակված քարերի գինը. 390 դոլարից մինչեւ 710 դոլար՝ 1 կարատի դիմաց կամ 1.8 անգամ:


























