Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհից հետո՝ 10օրյա ժամկետում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ դատատեխնիկական, ապրանքագիտական, շինարարատեխնիկական եւ մի շարք այլ փորձաքննություններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը:
Նա նշեց, որ քանի որ այդ շինությունը ՊՆ-ինն է, քննությունն էլ իրենք պետք է իրականցնեն, իսկ իրենք Արմեն Երիցյանի հրահանգով օգնել են նրանց: Հրդեհից հետո 10օրյա ժամկետում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ դատատեխնիկական, ապրանքագիտական, շինարարատեխնիկական եւ այլն: 10օրյա ժամկետի ավարտից հետո Երեւան քաղաքի դատախազի պահանջով նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:
Աշոտ Մկրտչյանը նշեց, որ հրդեհի պատճառների մասին վաղ է խոսել, անհրաժեշտ են բոլոր փորձաքննությունների եզրակացությունները, որոնք այդքան էլ շուտ չեն լինի: Դրանք ստանալուց հետո պարզ կլինի՝ դեպքի առթիվ գործ կհարուցվի, թե ոչ: Տեսչության պետը տեղեկացրեց, որ մի քանի դեպքերում է գործ հարուցվում, եթե հրկիզում է կամ կա դիտավորություն, հասցված վնասը շատ է եւ այլն: «Այն, ինչ կախված է մեզնից, մենք ամբողջությամբ, օբյեկտիվորեն արել ենք: Իմ կարծիքով՝ տեղի ունեցածը դժվար դիտավորություն լինի, ավելի ճիշտ անփութություն կլինի»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Դեպքի վայր է ժամանել Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 23.26-ին:
Պարզվել է, որ այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ):


























