Հայաստանի իշխանությունները ընդառաջ են գնում քեմալա-բոլշեւիկյան կրկնությանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում, ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի վավերացման քննարկումների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա հիշեցրել է, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի ժամանակ բաց հայտարարվել է, որ Մոսկվան Անկարայի հետ ընդհանուր շահեր ունի: «Ռուսաստանն ընդհանուր շահեր ունի նաեւ Ղազախստանի հետ, իսկ բոլորը միասին շահեր ունեն նաեւ Ադրբեջանի հետ: Անհասկանալի է՝ ի՞նչ է անում Հայաստանն այդ թյուրքական միության մեջ: Եվ դա այն բանից հետո, երբ պատմությունը մեզ դաս է տվել, թե ինչ է տեղի ունենում, երբ համընկնում են քեմալականների ու բոլշեւիկների շահերը»,-ասել է Փոստանջյանը:

Ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կան ինչպես ընդհանուր շահեր, այնպես էլ տարաձայնություններ, այդ թվում Սիրիայի հարցում: Բայց Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցելիս հենվում են ոչ թե գաղափարական ընդհանրությունների, այլ ընդհանուր շահերի վրա: Նույնը անում ենք նաեւ մենք. Անդամակցելով ԵՏՄ-ին, մենք առաջին հերթին մտածել ենք մեր երկրի մասին: Մեր պատմության մեջ ձախողումները եղել են հենց այն պատճառով, որ մեր քաղաքական գործիչները մոռացել են սառը հաշվարկի մասին եւ առաջնորդվել են զգացմունքներով»,-ընդգծել է Զաքարյանը: