Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համատեղ պատվիրակությունը Վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ 2014 թվականի նոյեմբերին այցելել էր Ինդոնեզիա` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հովանու ներքո կազմակերպվող Օդային հաղորդակցությունների շուրջ բանակցությունների կոնֆերանսին (ԻԿԱՆ/2014) մասնակցելու նպատակով:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կոնֆերանսի շրջանակներում հայկական պատվիրակությունը օդային հաղորդակցությունների շուրջ երկկողմ հանդիպումներ է անցկացրել Եվրամիության պատվիրակության եւ 13 պետությունների քաղաքացիական ավիացիոն իշխանությունների պատվիրակությունների հետ: Այդ երկրների թվում են եղել Լեհաստանը, Իսլանդիան, Նիդերլանդները, Ավստրալիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Սինգապուրը, Կատարի Պետությունը, Թաիլանդը, Քուվեյթի Պետությունը, Նորվեգիան եւ Հորդանանը:

Հանդիպումների ընթացքում յուրաքանչյուր պատվիրակությանը հայկական կողմը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից 2013-2014 թվականներին որդեգրած օդային ոլորտի ազատականացման քաղաքականությունը շահագրգիռ կազմակերպություններին՝ առավելապես ավիաընկերություններին, ներկայացնելու իրենց հետագա բիզնես ծրագրերում Հայաստանը նույնպես ներառելու նպատակով:

Հայկական պատվիրակության հետ երկկողմանի բանակցություններին մասնակցող բոլոր պատվիրակությունները համաձայնվել են ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք նախատեսված են յուրաքանչյուր կողմի ներպետական ընթացակարգերով:

Ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ երկրների մեծ մասի հետ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր: