Ռուսաստանը պատրաստվում է ամերիկյան թռչնամսի ներմուծումն արգելել արդեն դեկտեմբերի 5-ից: Այս մասին ասված է Ռոսսելխոզնադզորի կայքում:

Ռոսսելխոզնադզորի ղեկավար Նիկոլայ Վլասովը նամակով դիմել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի տեսչության եւ անվտանգության ծառայության (FSIS) միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Ջեյն Դոերտիին, որում, մասնավորապես, նշվում է ԱՄՆ-ից սանիտարական տեսանկյունից վտանգավոր թռչնաբուծական արտադրանքի մատակարարման դեպքերի ավելացման մասին:

Նամակում նաեւ նշվում է, որ այս տարվա դեկտեմբերի 5-ից Ռոսսելխոզնադզորը Ռուսաստանի տարածք ԱՄՆ ձեռնարկությունների թռչնամսի եւ ենթամթերքների, ինչպես նաեւ թռչնամսից պատրաստի արտադրանքի ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում: