Մոլդովայի եվրոպամետ երեք կուսակցություններ պաշտոնապես հայտարարել են իշխող կոալիցիա ստեղծելու շուրջ բանակցություններ սկսելու մասին: «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադ Ֆիլատը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Մարիան Լուպուն եւ Լիբերալ կուսակցության նախագահ Միխայ Գիմպուն պայմանավորվել են եվրոպամետ իշխող կոալիցիա ստեղծելու մասին: Աշխատանքային խմբեր են ստեղծվել՝ հաջորդ չորս տարիների կառավարման ծրագրեր մշակելու համար»,- հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությանը:

Մոլդովայի ԿԸՀ-ն ավարտել է կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկը: Այդ տվյալների համաձայն, Մոլդովայի խորհրդարան են անցել հինգ կուսակցություններ: Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը 23 մանդատ կունենա, Դեմոկրատական կուսակցությունը՝ 19 մանդատ, Լիբերալ կուսակցությունը՝ 13 մանդատ: Այդպիսով, երեք կուսակցությունները ստացել են խորհրդարանի 101 տեղերից 55-ը: Սոցիալիստների կուսակցությունը 25 մանդատ ունի, իսկ Կոմունիստական կուսակցությունը՝ 31:

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները Սահմանադրական դատարան կներկայացնի վաղը, դեկտեմբերի 5-ին: Ընտրությունների մասնակիցները երկու օր ժամանակ կունենան՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու կամ ձայների վերահաշվարկ պահանջելու համար:

Նախագահը նոր խորհրդարանի առաջին նստաշրջան հրավիրելու մասին հրամանագիրը ստորագրում է ընտրություններից հետո 30 օրվա ընթացքում: