Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին, մեղադրել է կազմակերպությանը՝ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ:
Turan-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի նախարարը հայտարարել է միասնական մոտեցումների անհրաժեշտության մասին, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում:
Մամեդյարովը որպես օրինակ է բերել ղարաբաղյան հակամարտությունը: Նրա խոսքով՝ չնայած ՄԱԿ-ի 4 բանաձեւերին՝ հստակ սկզբունքների բացակայությունը «հանգեցնում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մի մասի օկուպացման շարունակությանը»:
Հեռուն գնալով՝ Մամեդյարովը հատարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում Հայաստանի կողմից վերջին ռազմական սադրանքները հանգեցրել են տարածաշրջանում լարվածության էսկալացիային: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգություն են հայտնել օկուպացված տարածքներում այդ սադրանքների առիթով»:
Ակնհայտ է փաստերի նենգաբար խեղաթյուրումը, առավել եւս՝ վկայակոչելով համանախագահերին: Ադրբեջանցի նախարարը, «սադրանքներ» ասելով, նկատի ունի Ադրբեջանի կողմից ղարաբաղյան ԶՈՒ-ի ուղղաթիռի խոցումը: Միջադեպն ու ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտել են ոչ միայն համանախագահները, այլ նաեւ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, մի շարք պետությունների ղեկավարներ:




























