Ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Ռուսաստանը մեղավոր չեն, որ Հայաստանը հայտնվել է ողբալի վիճակում, դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի քննարկման ընթացքում հայտարարել է «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Ըստ նրա՝ երբ 5-րդ դարում Հայաստանը կորցրեց թագավորական դինաստիան եւ Ավարայրում՝ Տղմուտ գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում բավարարվեց բարոյական հաղթանակով, այն ժամանակ ռուսների ու ամերիկացիների մասին հիշատակում էլ չկար:

 «Այն ժամանակ էլ մեր խնդիրը ամեն ինչում բացի մեզնից բոլորին մեղադրելն էր, մենք մեր դժբախտությունների համար մեղադրեցինք Պարսկաստանին ու Բյուզանդիային, հիմա՝ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, վաղը մեկ ուրիշը կլինի: Բայց խնդիրը մեր մեջ է: Եվ քանի դեռ մենք ի վիճակի չենք հասկանալու՝ ինչու է մեր պատմությունն այսպես ընթանում, դեռ երկար կմեղադրենք հարեւաններին, ինչը ճիշտ չէ»:

Շարունակելով պատմական էքսկուրսը՝ Հակոբյանը նշել է, որ հայերը սիրում են խոսել իրենց փառապանծ անցյալի, պատմական ժառանգության մասին: «Կգտնե՞նք մեր մեջ ուժ՝ հասկանալու, որ կատարվածի մեղավորը մենք ենք: Մենք մեղադրում ենք ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին մեզ Կոնչիտա Վուրստի եւ գենդերային հավասարության նման արժեքներ պարտադրելու մեջ, մեղադրում Ռուսաստանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար: Մի՞թե Ամերիկան մեղավոր է, որ մենք կանգնած ենք մեր ազգային արժեքը՝ ընտանիքը, կորցնելու ուղու վրա: Ռուսաստանը մեղավո՞ր է, որ մենք կեղծում ենք ընտրությունները, ստվերային շուկա ենք ստեղծել: Ո՛չ: Նրանց խնդիրն է օգտվել մեր թուլություններից եւ սխալներից, եւ նրանք կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը: Մինչդեռ, մենք պետք է օգտվենք նրանց սխալներից, որը չենք անում»:

Այնուամենայնիվ, Հակոբյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը դեմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ խորհրդարանական մեծամասնությանը նաեւ կոչ անելով, որպեսզի բոլորը կողմ չքվեարկեն Պայմանագրին, այլ ՀՀԿ-ական պատգամավորներին թույլ տան քվեարկել ըստ ցանկության՝ հանուն երկրի հեղինակության:

Ի պատասխան ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը Ռուբեն Հակոբյանին խորհուրդ է տվել ամրացնել իր դիրքերը սեփական խմբակցությունում եւ խորհուրդներ չտալ: