Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը ճակատագրական եւ ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այս մասին դեկտեմբերի 4-ին խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, նման իրավիճակում ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, որը պատրաստ է իր ձեռքը վերցնել երկրի կառավարումը, անկախ այն հանգամանքից, որ չի կասկածում Պայմանագրի վավերացմանը, պարտավոր է հայտարարել այն մասին, թե ինչն է ճիշտ Հայաստանի համար:
«Ինչպե՞ս կվարվենք մենք, եթե իշխանություն լինեինք: Մենք երկակի խաղ չէինք խաղա Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ, չէինք փորձի Մոսկվային ասել այն, ինչ նրա սրտով է, եւ չէինք ունենա ելույթներ, որոնք հարմար են Բրյուսելին: Մենք եռամյա բանակցային գործընթաց չէինք սկսի Արեւմուտքի հետ, որը հետո մեկ օրվա ընթացքում փոխվեց նվաստացուցիչ պայմաններով դիրքորոշման՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարության, այդպիսով կորցնելով Արեւմուտքի վստահությունը եւ Ռուսաստանի հարգանքը»,- ասել է ընդդիմադիրը՝ չխոսելով այն մասին, որ պատմությունը «եթե»-ներ չի սիրում:
Զուրաբյանը նաեւ հավաստեց, որ եթե ՀԱԿ-ը լինել իշխանության ղեկին, ապա ժողովրդից չէր թաքցնի Եվրամիության եւ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացների մանրամասները. «Մեր նպատակը կլիներ ներդաշնակություն ստեղծել Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Մենք վստահ ենք, որ տաղանդավոր դիվանագիտության կիրառման դեպքում կարելի էր եռակողմ հարաբերություններ հաստատել»:
Պատգամավորը նշեց, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում եւ Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերների պայմաններում իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրին:




























