«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ իրականացրել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական պլանային աշխատանքները ձմռան ժամանակահատվածում գազափոխադրման ու գազաբաշխման համակարգերը հուսալի շահագործելու, ինչպես նաեւ հանրապետության սպառողներին անվտանգ եւ անխափան գազամակատարարում ապահովելու համար:

Աշուն-ձմեռ 2014-2015թթ. նախապատրաստական աշխատանքների շրջանակում, մասնավորապես, իրականացվել են համալիր միջոցառումներ՝ ուղղված մայրուղային գազատարերի եւ գազաբաշխիչ համակարգի շահագործման հուսալիության ու անվտանգության բարձրացմանը, կատարվել է ԳՓՀ օբյեկտների դիագնոստիկ հետազոտություն, ավտոմատացված կառավարման համակարգերի տեխնիկական սպասարկում:

Պլանային միջոցառումներ են իրականացվել նաեւ Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանում շահագործվող հորերի տեխնիկական վիճակի գնահատման, կոմպրեսորային արտադրամասի վերականգնման ուղղությամբ:

Ստորգետնյա պահեստ-կայանում առկա է բնական գազի օպերատիվ պահուստային ծավալ՝ մատակարարվող գազի սեզոնային եւ պիկային տատանումների կառավարումն ապահովվելու համար:

Ձմռան շրջանում բնական գազի սպառման սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում, հատկապես բնակչության կողմից սպառման օրական միջին ծավալն աճում է մինչեւ 7 անգամ, գազափոխադրման ու գազաբաշխման համակարգի օբյեկտները պատրաստ են հուսալի շահագործման:

2014-2015թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածում ՀՀ գազամատակարարման համակարգի օբյեկտների հուսալի շահագործման պատրաստվածության մասին դրական որոշում է կայացրել «Գազպրոմ» ԲԲԸ հանձնաժողովը, որի կողմից իրականացվել են կատարված աշխատանքների եւ հիմնական ու լրացուցիչ սարքավորումների վիճակի ստուգումներ: