ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը ներկայում չի դիտարկվում, սակայն միջոցներ են ձեռնարկվում, որոնք կնպաստեն դաշինքին այդ երկրի անդամակցության ճանապարհին: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոքի՝ հինգշաբթի տարածված հայտարարությունն այն մասին, որ ներկայում ՆԱՏՕ-ին Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի անդամակցության մասին հարցը դիտարկելու ժամանակը չէ:
Ապաթուրայի խոսքով, Բրոքի հայտարարությունը մասամբ կարելի է ճիշտ անվանել, «քանի որ ներկայում խոսքը ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցելու, այլ անդամակցության ճանապարհի մասին է»:
«Մոլդովան չեզոք երկիր է եւ մտադիր չէ փոխել այդ կարգավիճակը, այնպես որ՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարց այնտեղ չի դրված: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այս փուլում ոչ մի նշան չկա այն մասին, որ նրանք ցանկանում են միանալ ՆԱՏՕ-ին... Ինչ վերաբերում է Վրաստանին. այստեղ ամեն ինչ պարզ է: Բուխարեստի գագաթաժողովի որոշումն ուժի մեջ է մնում որպես ՆԱՏՕ-ի քաղաքական որոշում: Գոյություն ունեցող միջոցառումների փաթեթն իր կառուցվածքով եւ բովանդակությամբ նախատեսված է դաշինքին անդամակցության ճանապարհին Վրաստանին օգնություն ցուցաբերելու համար»,- հայտարարել է Ապաթուրայը Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերի պետնախարար Դավիթ Բաքրաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, որը կայացավ սեպտեմբերի 1-5-ը, Ուելսում, հաստատվեց միջոցառումների փաթեթ, որը պետք է աջակցի Վրաստանին դաշինքին անդամակցության նրա ձգտումներում: Փաթեթի շրջանակում նախատեսվում է Վրաստանում ուսումնամարզական կենտրոնի բացում, որտեղ պատրաստվելու են դաշինքի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր-երկրների զինծառայողները:




























