Ադրբեջանական մամուլում թշնամական լեզվի աղբյուրը հիմնականում պաշտոնյաներն են, դեկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով Հարավային Կովկասի երկրների լրատվամիջոցներում թշնամանքի լեզվի վերաբերյալ անցկացված ուսումնասիրության արդյունքները:

Ըստ նրա՝  թշնամանքի լեզվի կիրառության տեսանկյունից երկրորդ տեղում են Ադրբեջանի ներքաղաքական կյանքի հետ կապված հրապարակումները: «Եթե 2013 թ. հիմնական թիրախն ընդդիմությունն էր, եւ իշխանամետ լրատվամիջոցներն օգտագործում էին թշնամանքի լեզուն քաղաքական ընդդիմության նկատմամբ, ապա վերջին ամիսներին արդեն տարբեր ընդդիմադիր խմբավորումներ բավական տհաճ արտահայտություններ են թույլ տվել միմյանց նկատմամբ», - նշել է Նավասարդյանը: Երրորդ տեղում են, շարունակել է նա, թշնամանքի լեզվի կիրառությունները միջազգային կառույցների թեմայով: «Այստեղ առաջին հերթին թշնամանքի են արժանանում Ռուսաստանը, այնուհետեւ՝ Հայաստանը: Բավական սուր քննադատություն է նկատվում եվրոպական կառույցների նկատմամբ, օրինակ՝ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ-ի: Հիմնական պատճառն այն է, որ այդ կառույցները լուրջ քննադատական հայտարարություններով են հանդես եկել՝ Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների իրավիճակի շուրջ», - ընդգծել է Նավասարդյանը: Ըստ նրա՝ այդ կառույցները մեղադրվում են Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ: Նավասարդյանը հավելել է, որ որպես առանձին գործոն է ներկայացվում նաեւ հայկական լոբբինգի ազդեցությունը:

Ուսումնասիրությունն անցկացվել է հոկտեմբերին, ընդգրկել է ադրբեջանական 6 լրատվամիջոց: