Բազելում տեղի է ունենում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը: Դիվանագետները միմյանց ձեռք են սեղմել, այնուհետեւ մամուլի ներկայացուցիչներին խնդրել են լքել դահլիճը:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, ամերիկացի լրագրողներից մեկն ամեն դեպքում ռուսաստանցի նախարարին հարցրել է, թե ի՞նչ կարծիք ունի արտգործնախարարների նիստի ժամանակ հնչած Քերրիի խոսքերի մասին, թե «հարյուրավոր ռուսական զինվորներ են զոհվել Ուկրաինայում»:

«Դուք ամերիկյան պատվիրակությունի՞ց եք: Լրագրո՞ղ եք: Սա մամուլի ասուլիս չէ»,- ի պատասխան հայտարարել է Լավրովը:

Հիշեցնենք, որ ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստի ժամանակ, Ջոն Քերրին նշել էր, որ ԱՄՆ-ն չի ձգտում Ռուսաստանի միջազգային մեկուսացմանը, եւ որ Մոսկվան կարող է վերականգնել արեւմտյան երկրների հետ հարաբերությունների նախկին ծավալը, եթե նպաստի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը: Քերրին նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական զինվորներ են պատերազմում: