Հայաստանի ԵՏՄ անդամակցության վերաբերյալ պայմանագրի քվեարկության արդյունքը միանգամայն կանխատեսելի էր, որեւէ կասկած չկար, որ ԱԺ-ն կվավերացնի այդ տխրահռչակ պայմանագիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:
Նա նշեց, որ միակ ինտրիգն այն էր, թե ով կհամարձակվեր դեմ քվեարկել այդ տխրահռչակ պայմանագրին: «Այդ քվեարկությունը կարելի է համարել Հայաստանի անկախության ներկայիս մակարդակի արտացոլումը, թե քանի մարդ է անկախ եւ արդար մնացել: Փաստորեն, Հայաստանի անկախության 24-րդ տարում այսպիսի տխուր արդյունք ենք արձանագրում, Հայաստանի ազատությունից փշրանքներ են մնացել: Պատմության գրքերում էինք կարդում, թե ինչպես անաղմուկ Կարմիր բանակը մտավ Հայաստանը, իսկ այսօր խորհրդարանը նոր կայսրությունը մտցրեց Հայաստան»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:
Նա շեշտեց, որ թող այլեւս ոչ մի ուժ չասի, թե ՀՀԿ-ն հասարակական տրամադրությունները չի արտահայտում, քվեարկում է դիկտատի ներքո, քանի որ նույնքան դիկտատի ներքո էլ մյուս ուժերն են քվեարկում, հաստատապես նրանք էլ նույնքան անազատ են:
Վերլուծաբանը շեշտեց, որ ԵՏՄ-ում ոչ մեկ չի գնահատելու, որ Հայաստանի խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել, ավելին՝ այս քվեարկությունը թուլացնելու է ՀՀ-ի դիրքերը եւ նրա քաղաքական կշիռը ԵՏՄ-ում, մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը եւ զգայնությունը ցածր է լինելու, այն ընկալվելու է որպես գրպանում դրված մի երկիր, որը օկուպցիային ընդամենը 7 պատգամավոր է դեմ եղել:
Նշենք, որ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ձայների մեծամասնությամբ վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Այդ ընթացքում ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության:
Նշենք, որ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:




























