Ճանճերի հետ գիտափորձը ցույց է տվել, թե ինչու են արուներն ավելի շուտ մահանում, քան էգերը: Բրիտանական գիտնականները ճանճերի հետ գիտափորձ են անցկացրել եւ պարզել, որ արուներն ավելի շուտ են մահանում, քան էգերը, եթե նրանք ստիպված են լինում պայքարել կյանքի համար եւ մրցակցել սեռական զուգընկերոջ հետ: Չնայած կենցաղային միեւնույն պայմաններին, արուն սթրեսային միջավայրում ավելի վաղ է ծերանում եւ կյանքի տեւողությունը երեք անգամ կրճատվում է:

Գիտափորձն անցկացրել են Մեծ Բրիտանիայի գիտնականները: Drosophila simulans ճանճերը պահվել են տարբեր պայմաններում. մի դեպքում նրանց կյանքի եւ բազմացման համար որեւէ խոչընդոտ չի եղել, իսկ մյուս դեպքում նրանք «սթրեսային իրավիճակի» են բախվել։

Գիտնականներն արու ճանճերի համար ուժեղ մրցակցություն են ստեղծել՝ նրանց մոտ թողնելով ընդամենը մեկ էգ ճանճի։ Անբարենպաստ շրջակա միջավայրի համար ջերմաստիճանը բարձրացրել են։ Արու ճանճերը փորձել են էգին գրավել երգով, պարով եւ հոտով, սակայն, ինչպես գիտնականներն են նշում, դա նրանցից շատ ջանքեր է պահանջել։ Արդյունքում արուներն ընդամենը 24 օր են ապրել եւ սատկել են 7 օր շուտ, քան նույն «սթրեսային իրավիճակում» գտնվող էգերը։

Գիտնականների կարծիքով, հետազոտության արդյունքները կարող են օգնել հասկանալ բոլոր կենդանիների ծերացման մեխանիզմը՝ ներառյալ մարդու, եւ թույլ կտան պարզել, թե ինչու են տղամարդիկ կանանցից ավելի քիչ ապրում։