Ադրբեջանական զինուժի կողմից Արցախի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի ոչնչացումը բարբարոսական ակտ է, որը հանգեցրեց բռնության սրման: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում գրել է ԱՄՆ Սենատի անդամ Ռոբերտ Մենենդեսը:

ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելության առիթով գրած նամակում Մենենդեսը հիացմունք է հայտնել հայ զինվորների քաջության առիթով, որոնց հաջողվել է այդ տղամարդկանց մարմինները վերադարձնել եւ հայրենիքում հուղարկավորել: Նա նաեւ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել կրկին հիշել խաղաղության հասնելու շուրջ պարտավորությունների մասին եւ վերջ դնել շփման գծում կորուստներին:

Սենատորի խոսքով, հարկավոր է ճանաչել եւ աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը նշում է ժողովրդավարական շարժման տարեդարձը: Իր նամակում նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ չի կարող մասնակցել ընդունելությանը՝ ընդգծելով, որ շարունակում է աշխատել՝ համընդհանուր շահերն ու նպատակներն առաջ տանելու ուղղությամբ:

Նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերը կործանել էին Արցախի ռազմաօդային ուժերի՝ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռը: Չեզոք տարածքում ուղղաթիռի ընկնելուց հետո ադրբեջանական կողմը շարունակել է գնդակոծությունը՝ այդ տարածք չթողնելով ո՛չ Հայաստանի եւ Արցախի, ո՛չ էլ միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին:

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները կտրուկ հրաժարվում են որեւէ մեկին ուղղաթիռին մոտ թողնել, ԼՂՀ Պաշտպանության բանակը հատուկ գործողություն իրականացրեց՝ դուրս բերելով օդաչուներից մեկի դիակն ու երկուսի մնացորդները: Հատուկ գործողության իրականացման ընթացքում ադրբեջանական երկու զինվոր սպանվեց: