Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էլ պատրաստ է հնարավոր բոլոր ուղղություններով շարունակել զարգացնել հարաբերությունները եվրոպական կառույցների հետ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե ինչու հանրաքվե չանցկացվեց եւ որոշումը կայացվեց` առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու:
«Հանրաքվե անցկացնելն իրատեսական չէ: Ես հարգում եմ բոլոր նրանց կարծիքները, որոնք դեմ էին եւ ակցիաներ էին կազմակերպել խորհրդարանի մոտ, բայց խեղաթյուրում են իրականությունը: Եթե չեք մոռացել, մեր թիվ մեկ խնդիրը եղել է խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այսօր խոսում են Ասոցացման համաձայնագրի մասին, բայց Հայաստանի Հանրապետությունն Ասոցացման համաձայնագրից չի հրաժարվել: 2013թ., սեպտեմբերի 3, Մոսկվա, Սարգսյան-Պուտին հանդիպում, մեր նախագահն այդ հանդիպման ժամանակ ասաց, որ Մաքսային միությանը միանալու մեր ցանկությունը չի նշանակում դադարեցնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Տարբեր հանդիպումներում էլ պարզ է դարձել, որ եվրոպացի մեր գործընկերները պատրաստակամ են շարունակել քաղաքական երկխոսությունը մեզ հետ»,- ասաց Շարմազանովը:
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանն այսօր վավերացրեց ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության պայմանագիրը: Դրան կողմ քվեարկեցին 103 պատգամավոր, դեմ` 7-ը, իսկ ձեռնպահ` 1 պատգամավոր:




























