Նյու-Յորքի դատարանը հրաժարվել է շիմպանզեին որպես անհատ ճանաչել: Նման հայց են ներկայացրել կենդանիների պաշտպանության Nonhuman Rights Project շարժման անդամները:

Վերջիններս ախոռում միայնակ ապրող 26-ամյա Թոմի շիմպանզեի «ներկայացուցիչներն» են: Կազմակերպության ղեկավար Սթիվեն Վայսը կարծում է, որ կենդանու տերը ապօրինաբար նրան անազատության մեջ է պահում: Դատարանում նա պահանջել է ազատ արձակել կենդանուն եւ թույլ տալ նրան ապրել Ֆլորիդայի արգելոցում:

Սակայն դատարանը չի մերժել է բավարարել իրավապաշտպանների հայցը, հայտնում է Daily News-ը: «Չարժե անգամ ասել, որ ի տարբերություն մարդկանց, շիմպանզեն չի կարող որեւէ իրավաբանական պատասխանատվություն կրել, ունենանլ սոցիալական պարտավորություններ կամ օրենքի առաջ պատասխան տալ իր գործողությունների համար», - ասել է դատավորը:

Սակայն իրավապաշտպանները չեն պատրաստվում նահանջել: Reuters-ի փոխանցմամբ՝ դատական նիստից հետո Վայսը հայտարարել է, որ գործը կհանձնի վերաքննիչ դատարան՝ նահանգի գլխավոր դատական ատյան: