Թոբի անունով կատուն 12 տարի փնտրել է տիրոջը: Կենդանուն Ջեմմա Լաֆին են վերադարձրել, երբ վերջինն արդեն կորցրել էր 2002 թվականին անհետացած սիրելի կատվին նորից տեսնելու հույսը:
Ըստ The Daily Mirror-ի, այս տարիների ընթացքում բրիտանուհին հասցրել է ամուսնանալ եւ փոխել բնակավայրը: Նոր տունը 112 կմ հեռու է այն վայրից, որտեղ նա նախկինում ապրել է Թոբիի հետ: Այդ պատճառով Լաֆը չափազանց զարմացել է, երբ անասնաբույժը զանգահարել ու ասել է, որ 16-ամյա կատուն գտնվել է:
Պարզվել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում Թոբին ապրել է վերականգնողական կլինիկայի տարածքում: Բուժհաստատությունում աշխատող կամավորներից մեկը կարծել է, որ Թոբին անտուն կատու է եւ նրան տարել է անասնաբույժ: Բարեբախտաբար, փոխադրվելուց առաջ Լաֆը հատուկ համակարգում թարմացրել է իր հասցեն, այդ պատճառով Թոբիի միկրոչիպում տիրոջ գտնվելու վայրի մասին նոր տեղեկությունը եղել է:
«Կուզեի, որ նա կարողանար ինձ պատմել, թե որտեղ է եղել այս ընթացքում: Նրա թաթիկները ճերմակ էին, իսկ հիմա՝ փոքր-ինչ մոխրագույն, եւ կարելի է ենթադրել, որ նա փողոցում է ապրել: Ես չէի հավատում հեռախոսազանգին»,- խոստովանել է Լաֆը:




























