ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը հերքել է ռուբլու դեմ արժութային շուկայում սպեկուլյատիվ խաղերին իր բանկի մասնակցության մասին լուրերը: «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ վերահսկում է իրավիճակը, ինչը կարող է հաստատել կարգավորողը՝ ՌԴ Կենտրոնական բանկը:
«Տարաբնույթ լուրերը բազմաթիվ են: Ես հատուկ շաբաթը մեկ անգամ զանգահարում են Կենտրոնական բանկ եւ հարցնում, արդյո՞ք որեւէ նշաններ կան, որ ՎՏԲ-ի դիլլերները դուրս են գալիս: ԿԲ-ն ամբողջությամբ հերքում է այդ սխեմաներում մեր խոշորագույն բանկերի մասնակցությունը»,- Կոստինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
ՎՏԲ-ի ղեկավարը նշել է, որ «պատրաստ է գրազ գալ ցանկացածի հետ, ծեծկռտուքի բռնվել նրանց հետ, ովքեր բացարձակապես անհիմն հայտարարություններ են տարածում, որ բանկը զբաղվում է դրանով (արժութային սպեկուլյացիաներով)»:
Արժութային իրացվելիության անբավարարության եւ ռուբլու ազատ գնագոյացման ներդրման ֆոնին արժութային շուկայում սպեկուլյանտների գործողությունները հանգեցրեցին երկու անգամ ռուբլու կտրուկ անկմանը. հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին եւ դեկտեմբերի սկզբին:
Դեկտեմբերի 4-ին Դաշնային Խորհրդին ուղղված ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները «գիտեն, թե ովքեր այդ սպեկուլյանտները, նրանց վրա ազդելու գործիքներ ունեն»: «Խնդրում եմ կոշտ եւ համակարգված միջոցառումներ անցկացնել, որպեսզի սպեկուլյանտները չցանկանան խաղալ ռուբլու փոխարժեքի հետ»,- ասել էր ՌԴ նախագահը:
Պուտինը Կենտրոնական բանկին կոչ է արել զբաղվել արժութային շուկայի սպեկուլյանտներով:
Նշենք, որ 2007 թվականի հուլիսի 25-ից ՎՏԲ-ն «ՎՏԲ բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատերն է եւ Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային մասնաճյուղերի ամենախոշոր եւ զարգացած ցանցն ունի: Դրանք գործում են երկրի բոլոր մարզերում եւ մեծ քաղաքներում:




























