Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանի դեմ 5 տարի 2 ամիս ազատազրկման որոշում է կայացվել Սելչուքի շրջանի վարչական 2-րդ դատարանի կողմից։

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի փոխանցմամբ՝  ներկայում Այդընի Յենիփազարի բանտում գտնվող Սեւան Նիշանյանի դեմ Սելչուքի շրջանի վարչական 2-րդ դատարանում որոշում է կայացվել, ըստ որի, Սեւան Նիշանյանը խախտել է մշակույթի եւ բնական հարստությունների պահպանման օրենքը եւ դատապարտվել 5 տարի 2 ամիս 15 օր ազատազրկման եւ 12 հազար 600 լիրա տուգանքի։

Այս պատժաչափի հետեւանքով Սեւան Նիշանյանի ընդհանուր պատժաչափը դառնում է 11 տարի 8 ամիս։

Նիշանյանի փաստաբանը պնդել է, որ այս վճիռը բողոքարկելու են։

Նշենք, որ Սեւան Նիշանյանն անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման եւ արդեն մեկ տարի է գտնվում է բանտում։

Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։