Ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաեւ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցությանը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում ընթացող այս տարվա վերջին ճեպազրույցների ընթացքում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով հարցին, թե Հանրապետական կուսակցությունը երախտագիտություն կհատնի՞ արդյոք ԲՀԿ-ին՝ քվեարկության ժամանակ կոնսենսուս ապահովելու համար, պատգամավորը նշեց, որ դեռ պարզ չէ՝ ով ում պետք է երախտագիտություն հայտնի: «Ինչ երախատագիտության մասին է խոսքը, եթե դա հասարակության գրեթե միասնական դիրքորոշումն է», - հարցրեց Վահրամ Բաղդասարյանը:

ԵՏՄ-ին անդամակցության քայլը նպատակաուղղված է Հայաստանի անկախության ամրապնդմանը: «Ոչ մի համաձայնություն չէր կարող լինել, եթե այն այն սպառնար մեր երկրի անկախությանը: Դա բացառված է», - ընդգծեց Վահրամ Բաղասարյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: