ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն միշտ չէ, որ համաձայն է Ռուսաստանի հետ հիմնարար մի շարք սկզբունքների հարցում եւ մտադիր է դրանք «հետեւողականորեն պնդել»:
Միաժամանակ նա նշել է, որ կան ոլորտներ, որոնցում Վաշինգտոնն ու Մոսկվան «ընդունակ են աշխատել միասին»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մոսկվայի եւ Վաշինգտոնի երկկողմանի ճգնաժամը, ըստ Հարֆի, Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշման անմիջական հետեւանքն է: «Այսպիսով, մեր հարաբերությունները բացատրվում են նրանով, որ Ռուսաստանը որոշել է շարժվել որոշակի ուղիով: Եվ եթե այն այլ ուղիով ընթանա, մենք այլ հարաբերություններ կունենանք», – ասել է դիվանագետը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստն էլ, մեկնաբանելով Պուտինի ելույթը, ասել է, որ չի տեսել այն, սակայն նախազգուշացրել է նոր պատժամիջոցների հավանականության մասին:
Էռնեստը նաեւ հայտնել է, որ Պուտինի ուղերձի բովանդակությունը կներկայացվի Օբամային: Ընդ որում՝ նա համոզմունք է հայտնել, որ Պուտինի ելույթը թերահավատորեն կգնահատվի:




























