Ռուսական նավթամթերքի ներկրման պայմանագրերը թույլ չեն տալիս ավելի արագ իջեցնել բենզինի գները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանում նավթամթերքի երկու խոշոր ներկրողներից մեկը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչու նավթի համաշխարհային գների իջեցումը չի ազդում Հայաստանում բենզինի գների վրա:
Ըստ գործարարի՝ ընկերությունը ֆիքսված՝ փոփոխության ոչ ենթակա գներով մատակարարումների պայմանագիր ունի:
«2015թ. սկզբից մենք անպայման նոր պայմանագրեր կկնքենք, որոնցով, հավանաբար, կարող ենք գնային նոր քաղաքականություն վարել՝ շուկային նպատակահարմար», - բացատրել է Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ ըստ 2013թ. դեկտեմբերին կնքված համաձայնագրերի, Հայաստանը ՌԴ-ից կարող է նավթամթերք գնել առանց արտահանման ռուսական տուրքի: 2014թ. դեկտեմբերից նավթի եւ նավթամթերքի տուրքերը մի քիչ նվազել են՝ 285-ից 249,7 եւ 205,8-ից մինչեւ 180,3 դոլար համապատասխանաբար՝ մեկ տոննայի համար):
Միաժամանակ, բենզինի գները Ռուսաստանում էլ չեն նվազել: Այնինչ նավթի գները աշխարհում էականորեն նվազել են: Եթե սեպտեմբերի կեսերին Brent նավթի գինը մեկ բարելի համար 102 – 103 դոլար էր, ապա հիմա 69 դոլարից մի փոքր ավելի է:


























