Ռումինիայի Հակասեմականության դեմ պայքարի եւ մոնիթորինգի կենտրոնը կոչով դիմում է Ռումինիայի նախագահին շտապ կարգով միջոցառումներ ձեռնարկել Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեի «հակասեմական եւ հոմոֆոբ» որակված հայտարարությունների վերաբերյալ:

Դեսպան Սորին Վասիլեն Ռումինիայի ԱԳՆ կողմից շտապ կարգով հետ է կանչվել` իր արած հայտարարությունների համար: Ինչպես նշվում է Ռումինիայի ԱԳՆ դեկտեմբերի 5-ին տարածած մամլո հաղորդագրության մեջ. «Երեւանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեի կողմից Երեւանի Ամերիկյան համալսարանում կազմակերպված կոնֆերանսի շրջանակներում կատարված մեկնաբանությունների վերաբերյալ ԱԳՆ ներկայացնում է հետեւյալ մանրամասները.

ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն շտապ կարգով հետ է կանչել Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեին` վերոնշյալ կոնֆերանսի շրջանակներում կատարած մեկնաբանությունների բացատրության համար: ԱԳՆ արդեն հրահանգ է ուղարկել դեսպանին` իր անիմաստ մեկնաբանությունների համար հանրային ներողություն խնդրելու համար: Նրա ներողությունը այսօր արդեն հրապարակվել է Civilnet.am կայքում:

ԱԳՆ զղջում եւ  կտրականապես դատապարտում է դեսպանի հակասեմական եւ հոմոֆոբիկ հայտարարությունները: ԱԳՆ կտրականապես դատապարտում է ցանկացած վարքագիծ կամ արտահայտություն, որոնք կնպաստեն անհանդուրժողականությանն ու կարծրատիպերին: ԱԳՆ հաստատում է, որ չի հանդուրժում եւ չի հանդուրժելու գործող ոչ մի ռումին դիվանագիտական ներկացուցչի, անկախ զբաղեցրած պաշտոնից, վարքագիծ կամ արտահայտություն, որոնք կարող են հանգեցնել արդի միջազգային հարաբերությունների, Ռումինիայի այլ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բազային արժեքների, կանոնների եւ սկզբունքների ոտնահարմանը կամ կարող են խեղաթյուրել կամ ձեւափոխել ռումինական պետության դիրքորոշումը միջազգային խնդիրների նկատմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016թ. Ռումինիան կստանձնի Հոլոքոստի հիշատակի միջազգային դաշինքի/IHRA նախագահությունը, ԱԳՆ կշարունակի բոլոր ջանքերը գործադրել` ցանկացած համատեքստում այստեսակ դիսկուրսի դեմ արդյունավետ կերպով պայքարելու համար, անկախ նրանից, թե ով այդ դիսկուրսը կտանի»: