Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը դավաճանություն է. դավաճանություն է, քանի որ մենք թույլ տվեցինք անօրինական իշխանություններին երկիրը նենգաբար հանձնել Ռուսաստանին: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` դավաճանություն էր այն, որ Հայաստանը խաղաց Եվրոպայի հետ, դավաճանություն է, որ Ռուսաստանը անօրինական իշխանությունների միջոցով Հայաստանը ներքաշեց ԵՏՄ-ի մեջ: «Մենք բոլորս ենք դավաճաններ, սակայն միաժամանակ ես չեմ ցանկանում կոնկրետ մեկին դավաճան անվանել: Այն, որ մենք մտանք ԵՏՄ, բոլորս ենք մեղավոր, քանի որ նախագահական ընտրությունների արդյունքներով թույլ տվեցինք զավթել իշխանությունը: Խորհրդարանում քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքական ուժ ղեկավարվում է իր շահերով», - ասաց Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով, իրավիճակից միակ ելքը համաձայնեցված պայքարի միջոցով արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելն է: «Եթե մենք իշխանափոխություն չիրականացնենք, ապա չենք կարող նորմալ արտաքին քաղաքականություն վարել, ինչն էլ կհանգեցնի Հայաստանի կործանմանը», - ընդգծեց քաղաքական գործիչը:


























