Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նոյեմբերի 27-ին տեղի ունեցած զանգվածային թունավորումից անմիջապես հետո քաղաքապետն ու մանկապարտեզի տնօրենն անմիջապես պետք է հրաժարական տային: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

«Սա հանցագործության մի տեսակ է, իսկ Եղվարդն քաղաքապետն էլ ասում է, որ դրա հետ ինքը կապ չունի: Հարգելի քաղաքապետ, Ձեր գործառույթներից մեկն էլ հենց մանկապարտեզի սննդի հետեւողականությունն է: Ձեր թիրախներից մեկն էլ հենց սնունդին հետեւելը պետք է լինի: Այնպես որ քաղաքապետն ու մանկապարտեզի տնօրենը պետք է անմիջապես հրաժարական տային»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի` երեխաները նախորդ օրը նրբերշիկ էին կերել, որն օրենքով չի թույլատրվում: 

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը: