Հայոց ցեղասպանությունը ոչ միայն թուրքերն են կազմակերպել. Գերմանիայի մեղքն էլ կա ցեղասպանության ոճրագործության կատարման մեջ, մյուս երկրներն էլ են ուշացել այդ խնդրի արդար լուծման հարցում: Այս մասին դեկտեմբերի 6-ին Բանակցության երեւանյան կենտրոնի կազմակերպած «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցումը. Պատմական արդարության վերականգնման ուղին» թեմայով ասուլիսում հայտարարել է Բանակցության երեւանյան կենտրոնի ավագ խորհրդական, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Թովմաս Սամուելյանը:
Ըստ նրա բոլոր երկրները պատասխանատու են Հայոց ցեղասպանության իրագործման համար, քանի որ աշխարհի համակարգը կախված է գերտերությունների գործունեությունից կամ անգործությունից: «Ժամանակին գերտերությունները պետք է միջամտեին: Այժմ մենք գործ ունենք 100-ամյա չլուծված հարցի հետ: Ինչպե՞ս կարող ենք ստիպել: Ոչ մի կերպ, մենք լծակներ չունենք», - ասել է Թովմաս Սամուելյանը:
Սակայն հիմնական մոտեցումները, նրա տեսանկյունից, պետք է հիմնված լինեն հասարակական ճնշման եւ գիտակցության մակարդակի բարձրացման վրա:
«Անհրաժեշտ է մշտապես բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթակներում, սակայն դատական դռները որպես կանոն փակ են այդ հարցի համար. Եթե դրանք բաց լինեին, հարցն արդեն լուծված կլիներ: Այդ մասին նշել էր նաեւ Ռաֆայել Լեմկինը»,, - ընդգծել է Թովմաս Սամուելյանը:




























