Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ  Ֆրանսուա Օլանդը Մոսկվայում չնախատեսված հանդիպում կունենան դեկտեմբերի 6-ին:  Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Ռուսաստանի  եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպման մասին հայտնել էր AFP-ն:

Ըստ AFP-ի՝ նախագահների երկխոսությունը նվիրված կլինի Ուկրաինայի ճգնաժամին: Օլանդը Մոսկվայում է գտնվում տրանզիտով՝ Ղազախստանից Փարիզ մեկնելու ճանապարհին:

Երկու երկրների ղեկավարների երկխոսությանը նախորդել էր հարաբերությունների սառեցումը՝ երկու «Միստրալ» ուղղաթիռակիրների մատակարարման հետ կապված իրադրության պատճառով»,- հիշեցնում է rbc-ն:

Նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրինը հայտարարել էր, որ Ֆրանսիան միգուցե երբեք «Միստրալները» չտա Ռուսաստանին: «Միստրալների» վերաբերյալ պայմանագիրը սառեցրել էր ֆրանսիական կողմը՝ Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ: