Բազելում դեկտեմբերի 4-5-ին անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում ԳՈՒԱՄ-ի վերջին հանդիպմանը Ուկրաինայի արտգործնախարարն առաջարկել էր ԳՈՒԱՄ-ի նիստերն անգլերեն վարել: ԳՈՒԱՄ-ի կանոնադրության համաձայն՝ պաշտոնական լեզուներն են ռուսերենն ու անգլերենը, ընդհանուր առմամբ, բոլոր փաստաթղթերը երկու լեզվով էլ կան:
Սակայն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կարծում է, որ հանդիպմանը ռուսերենով շփումը ավելի արդյունավետ է, քան անգլերենովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Գործակալությունը մեջբերում է կատարում Մամեդյարովի դեկտեմբերի 6-ին տարածած հաղորդագրությունից, որում Ադրբեջանի արտգործնախարարը հայտնում է, որ չարժե քաղաքական էմոցիաների գերի դառնալ: «Լեզուն պետք է օգտագործել շփման հարմարության համար, իսկ դիվանագիտության մեջ՝ միտքը եւ դիրքորոշումը ավելի հստակ տեղ հասցնելու համար», – ընդգծել է նա:
Բացառված չէ, որ նախարարի առաջարկը կարող է կապված լինել ավելի պրոզայիկ խնդրի՝ անգլերենի վատ իմացության հետ:




























