Քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր պահվածքը, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու ոչ մի ցանկություն չի ունենա: Այս մասին Գրիբաուսկայտեն ասել է BBC-ի հետ հարցազրույցում: Լիտվայի նախագահը կրկնել է իր հայտարարությունները այն մասին, որ «Ռուսաստանն ահաբեկչական պետությանը բնորոշ որակներ է դրսեւորում»:
Եվրոպական էներգետիկայի մասին խոսելով՝ Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ «Հարավային հոսքից» Ռուսաստանի հրաժարվելու որոշումը ապացուցում է, որ Ուկրաինայի հարցում ԵՄ դիրքորոշումը արդարացրել է իրեն՝ չնայած ԵՄ որոշ երկրների դժգոհությանը:
«Ավելի ու ավելի շատ գազային ռեսուրսներ եւ դրանց մատակարարներ են ի հայտ գալիս... «Գազպրոմը» ավելի ու ավելի հազվադեպ կարող է օգտագործվել Եվրոպայի վրա ճնշում գործադրելու համար, եւ ես դրա համար շատ ուրախ եմ»,- ասել է Գրիբաուսկայտեն:
«Բայց եթե Պուտինին չկանգնեցնեն, նա կսկսի Եվրոպայի վրա ոչ միայն տնտեսական ճնշում գործադրել», - նախազգուշացրել է Լիտվայի նախագահը, փոխանցում է Delfi-ն:
Ի պատասխան Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի պատժամիջոցների արդյունավետության մասին հարցին՝ Գրիբաուսկայտեն ընդգծել է, որ Պուտինը, պատասխան պատժամիջոցներ սահմանելով, առաջին հերթին վնասեց իր պետությանը: «Ռուսաստանի կողմից պատժամիջոցների կիրառումը նպաստում է գնաճի ավելացմանը, եւ, որքանով հայտնի է, երկրի որոշ վայրերում արդեն սկսել են մթերքի համար կտրոնների մասին խոսել: ԽՍՀՄ-ի ժամանակները վերադառնո՞ւմ են», - նշել է նա:
«Մոտ ապագայում՝ ոչ», ասել է Գրիբաուսկայտեն՝ պատասխանելով հարցին, թե կցանկանար արդյոք խոսել Պուտինի հետ: Նա հավելել է, որ կզրուցի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը փոխի քաղաքականությունը:




























