Երեւան-Գյումրի մայրուղում միկրոավտոբուսի վթարը շարունակելու է մնալ տրանսպորտի նախարարության ուշադրության կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Նրա խոսքով, այս կամ այն ձեւաճափով, բայց գործն անպայման ուսումնասիրվելու է: «Չգիտեմ, արդյո՞ք դա միջգերատեսչական հանձնաժողով կամ այլ ձեւաչափ կլինի, բայց մենք կուսումնասիրենք այդ հարցը: Թող գործի հետաքննությունն ավարտվի, իսկ մենք կձգտենք եզրակացություններ անել»,- հավելեց Առաքելյանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, ժամը 19:15-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի Հոռոմ գյուղի մերձակայքում: Ուղեւորատար միկրոավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով 7 մարդ տեղում մահացել է: Բեռնատարի վարորդը՝ 44-ամյա Մանվել Վարդանյանը, ձերբակալված է:




























