Որոշ մարդիկ իրական կախվածություն ունեն համակարգիչներից ու սմարթֆոններից: Նրանք մշտապես գործնական հաղորդագրություն կամ նամակ են սպասում, ինչը սթրեսի լուրջ աղբյուր է: Հոգեբաններն առաջարկում են փոստի ստուգումը կրճատել մինչեւ օրական երեք անգամի: Ավելի լավ է պատասխանել միանգամից մի քանի նամակի, քան պատասխանել յուրաքանչյուրին առանձին-առանձին:
Հայտնի է, որ երեկոյան կամ հանգստյան օրերին աշխատանքային փոստը ստուգող կամ ղեկավարի հեռախոսազանգերին պատասխանող մարդիկ հաճախ բախվում են անքնության, գլխացավի, հոգնածության եւ մարսողության խնդիրների: Անձնական կյանքին աշխատանքի նման միջամտությունը վտանգավոր է հոգեկան եւ առողջական վիճակի համար:
Ըստ The Daily Mail-ի, այդ թեմայով անցկացրած վերջին հետազոտության շրջանակում Բրիտանական Կոլումբիայի համալսարանի աշխատակիցները 124 կամավորներից բաղկացած խումբ են հավաքել: Նրանց մի մասին խնդրել են փոստի ստուգումը կրճատել մինչեւ օրական երեք անգամի: Մյուսներն այն ստուգել են այնքան հաճախ, որքան կարողացել են: Մեկ շաբաթ անց խմբերը փոխել են տեղերը:
Ամբողջ հետազոտության ընթացքում կամավորներն ամեն օր պատասխանել են հարցերի, պատմել սթրեսի մակարդակի մասին: Պարզվել է, որ մարդիկ ավելի պակաս չափով սթրես են զգացել, երբ փոստն օրական երեք անգամ են ստուգել:
Գիտնականների խոսքով, գործատուները պետք է մտածեն աշխատանքային ռեժիմը փոխելու մասին:




























