Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինայում արյունահեղությունն անհապաղ դադարեցնելու հարցի շուրջ իր դիրքորոշումը համընկնում է Ֆրանսիայի ղեկավարի դիրքորոշման հետ: Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան հանդես են գալիս Ուկրաինայում հրադադարի անհապաղ դադարեցման օգտին եւ լրացուցիչ քայլերի հույս ունեն գերիների փոխանակման հարցում:

Պուտինը հույս ունի, որ Կիեւը կբացառի Ուկրաինայի հարավ-արեւելքի արգելափակման ցանկացած տարր: «Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանը, ինչպես հայտնի է, սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»,- Օլանդի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Պուտինը փաստել է, որ «Կիեւի, ինչպես նաեւ Դոնեցկի ու Լուգանսկի կողմից ամեն ինչ չի կատարվում (Մինսկի պայմանավորվածություններից)»:  Սակայն, ըստ նրա, հիմա այնպիսի իրավիճակ է, որ դրական փոփոխությունների հույս կա:

Ռուսաստանի ղեկավարը ֆրանսիացի իր գործընկերոջ հետ զրույցում չի բարձրացրել «Միստրալ»-ների մատակարարումների թեման: Պուտինը լրագրողներին ասել է, որ «ըմբռնումով» է վերաբերվելու Ֆրանսիայի կողմից իր պարտավորությունների կատարմանը: Ռուսական առաջնորդը խոստովանել է. «Ես հարցեր չեմ տվել, իսկ նախագահը (Ֆրանսիայի) այդ մասին ոչինչ չի ասել»:

Նա հիշեցրել է, որ գոյություն ունի պայմանագիր, որն իրավաբանական փաստաթուղթ է: «Մենք ելնում ենք նրանից, որ պայմանագիրը կատարվելու է»,- ընդգծել է Պուտինը, սակայն հույս է հայտնել, որ հակառակ դեպքում Ֆրանսիան կվերադարձի արդեն վճարված գումարը: