Լատինական Ամերիկայի ութ երկրներ պայմանավորվել են մինչեւ 2020 թ. ծառեր տնկել շուրջ 20 մլն հա մակերեսում եւ այդկերպ վերականգնել նախկինում հատված անտառները: Նախաձեռնությունը Պերուինն է, որտեղ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի խորհրդաժողովին ժամանել են շուրջ 200 պետության ներկայացուցիչներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կորսված անտառները վերականգնելու պարտավորությունն ստանձնել են Արգենտինան, Չիլին, Կոլումբիան, Կոստա-Ռիկան, Էկվադորը, Գվատեմալան, Մեքսիկան եւ Պերուն: Ըստ այս երկրների ներկայացուցիչների՝ անտառների մակերեսը կրճատվում է օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման եւ անտառահատման հետեւանքով, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրության աճի պատճառով:
Ծառատունկի նախաձեռնությանն աջակցել են մասնավոր ներդրողները, որոնք համաձայնել են այս նախագծին հատկացնել շուրջ 300 մլն դոլար:




























