Պաշտոնական տվյալների համաձայն, նոյեմբերին սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով կազմել է 102.6%: Ընդ որում, պարենային գնաճը եղել է ընդունելի 2.9%-ի մակարդակում: Սա կարելի է բացատրել մեկ գործոնով. բնակչության իրական գնողունակության առաջընթացի բացակայությամբ:

Նշենք, որ «նոյեմբերի գներ» եզրույթն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ վիճակագրողները վերջին հետազոտությունն անցկացնում են յուրաքանչյուր ամսվա 20-ին, այդ պատճառով վերջին տասնօրյակի տվյալները չեն արտացոլվում հաշվետվություններում:

Սակայն նոյեմբերի հենց այդ տասնօրյակում է Հայաստանում դոլարի ամրապնդման հստակ միտում նկատվել: Անցյալից մեր ներմուծողների «ապահովագրության» մի մեթոդ է հայտնի: Նրանք բարձրացնում են ապրանքների «հին» խմբաքանակի մեծածախ (իսկ եթե սուպերմարկետ ունեն, ուրեմն՝ նաեւ մանրածախ) գները՝ դրանք հարմարեցնելով դոլարի ընթացիկ փոխարժեքին:

Հիմնավորումը պարզ է. իբր, հարկավոր է նախապես այնքան դրամ ձեռք բերել, որպեսզի թանկացած դոլարով փոխանակելիս հնարավոր լինի բավականաչափ արտարժույթ գնել՝ ներմուծումը շարունակելու համար: Սակայն նույն ներմուծողները չեն բացատրում, թե ինչպես են ապրանքները վաճառվում ներմուծվածից շատ ավելի բարձր գներով:

Սննդամթերքի խմբում հետաքրքրություն է ներկայացնում մսի գների փոփոխությունը: Մայրաքաղաքում մեկ տարվա ընթացքում տավարի մսի 1 կգ-ը թանկացել է 156 դրամով (կամ գրեթե 6%-ով): Միաժամանակ, կտրուկ թանկացել է խոզի միսը. 346 դրամով կամ գրեթե 30%-ով: Ինչպես պետք է ակնկալել, նախատոնական օրերին այս մակարդակը ցատկահարթակ կդառնա խոզի մսի գներ կտրուկ «թռիչքի» համար:

Հայաստանի բնակիչների տոնական սեղանի ավանդական ազգային նախուտեստը՝ բաստուրմայի 1 կգ-ը մեկ տարվա ընթացքում հասցրել է թանկանալ 654 դրամով (կամ 8.5%-ով): Այս փաստը, թերեւս, հակասում է տավարի մսի էժանացման մասին պաշտոնական տվյալներին, որից պատրաստվում է բաստուրման: Եթե մեկ տարի առաջ բաստուրմայի եւ տավարի մսի գների հարաբերակցությունը կազմում է 2.9 անգամ, ապա ներկայում այն հասել է 3.4 անգամի:

Ամանորյա սեղանի մեկ այլ անփոխարինելի բաղադրիչ են չրերը: Դրանք նոյեմբերին թանկացել են գրեթե 1.6 անգամ: Սա կարելի է բացատրել մրգերի բերքի հետ կապված խնդիրներով: Բայց նշենք, որ չնայած կրած վնասներին, մրգերի որոշ մասը, հատկապես՝ ծիրանի, արտահանվել է: Դա, բնականաբար, ավելի է նվազեցրել ազգային շուկայի ռեսուրսները: Այդ պատճառով, այդ ապրանքների հարցում նույնպես նախատոնական գների թռիչքի մակարդակը բավական բարձր է: